Հետևեք մեզ։

Պուտինն ամփոփել է BRICS-ի գագաթնաժողովը. քննարկվել են ֆինանսական, վճարային համակարգերի մշակման հարցեր

21:02, 24 հոկտեմբեր 2024
Պուտինն ամփոփել է BRICS-ի գագաթնաժողովը. քննարկվել են ֆինանսական, վճարային համակարգերի մշակման հարցեր

Կազանում ավարտվել է BRICS-ի եռօրյա գագաթնաժողովը, որին մասնակցել են 36 պետության ներկայացուցիչներ, Թաթարստանի մայրաքաղաք էր ժամանել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

 

Ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում քննարկվել են ֆինանսական համագործակցության, արևմտյան գերակշռող վճարային համակարգերի այլընտրանքների մշակման, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցեր։

 

 

Պուտինը վստահեցրել է, որ գագաթնաժողովի մասնակից պետությունները շահագրգռված են ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտով՝ «գերադասելով խաղաղ միջոցները»:

 

Ինչ վերաբերում է ֆինանսական խնդրին, ըստ Պուտինի՝ BRICS-ի երկրները կուժեղացնեն միջբանկային հաղորդակցությունն ու գործընկերությունը ֆինանսական հատվածում:

 

«BRICS-ի երկրները հանձնառու են խորացնելու գործընկերությունը ֆինանսական հատվածում և զբաղվելու արտաքին ռիսկերից անկախ փոխհաշվարկների մեխանիզմների ստեղծմամբ։ Ռուսաստանը հաշվարկների խնդիր ունի, բայց այն լուծվում է ազգային արժույթների միջոցով։ BRICS-ում  դեռ չեն մտածում առանձին ընդհանուր վճարային համակարգ ստեղծելու մասին»,-ասել է ՌԴ նախագահը։

 

Ռուսաստանն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի և Դիլմա Ռուսեֆի նախագահությունը BRICS Նոր Զարգացման բանկում: Պուտինը վստահ է, որ BRICS-ի երկրները կուժեղացնեն միջբանկային հաղորդակցությունն ու գործընկերությունը ֆինանսական հատվածում:

 

Նա ընդգծել է, որ BRICS-ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլորի համար, ովքեր կիսում են դրա արժեքները։