Ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին, որ խոչընդոտներ են ստեղծում «առավել արդար աշխարհակարգի անցման» և «գլոբալ հարավի ու արևելքի» երկրների անկախ զարգացման համար։
«Դրա օրինակներից մեկն Ուկրաինան է, որն օգտագործվում է Ռուսաստանի անվտանգության համար կրիտիկական սպառնալիքներ ստեղծելու նպատակով՝ անտեսելով մեր կենսական շահերը, արդարացի մտահոգությունները և ռուսալեզու մարդկանց իրավունքների ոտնահարումը։ Իսկ հիմա չեն էլ թաքցնում մեր երկրին ռազմավարական պարտության հասցնելու նպատակը»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինը վստահեցրել է, որ գագաթնաժողովի մասնակից պետությունները շահագրգռված են ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտով՝ «գերադասելով խաղաղ միջոցները»:
Նա անդրադարձել է Ուկրաինայում և Կուրսկում ընթացող մարտերին: Վլադիմիր Պուտինը նշել է, որ այս պահին Կուրսկում շրջափակման մեջ է 2000 ուկրաինացի զինվորական, և այժմ «սկսվել է նրանց չեզոքացման գործընթացը»: Ըստ Պուտինի՝ մինչև հիմա Ուկրաինան Կուրսկում տվել է մոտ 26000 զոհ:
Ուկրաինայի ճակատի վերաբերյալ Կրեմլի ղեկավարը վստահեցրել է, որ ՌԴ ԶՈՒ-ն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով: Նա կրկին հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրներն Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ՝ զինելով ուկրաինական բանակը: Ուկրաինայի հարցի կարգավորման՝ Դոնալդ Թրամփի ցանկության վերաբերյալ Պուտինն ասել է, որ հավատում է վերջինիս անկեղծ ձգտումներին: