Հետևեք մեզ։

Պայմանավորվածություն կա 2025-ին Հայաստանում անցկացնել ՄԱԿ-ի ԻՆՍԱՐԱԳ-ի համատեղ ուսումնավարժանք. Ցուցուլյանը Վրաստանում էր

10:22, 25 հոկտեմբեր 2024
Պայմանավորվածություն կա 2025-ին Հայաստանում անցկացնել ՄԱԿ-ի ԻՆՍԱՐԱԳ-ի համատեղ ուսումնավարժանք. Ցուցուլյանը Վրաստանում էր

 

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը hոկտեմբերի 22-ից 24-ը պաշտոնական այցով Վրաստանում էր: 


Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխերի բաժնի օպերատիվ հերթափոխի պետ Գարրի Արմաղանյանը։


Կամո Ցուցուլյանը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության (JICA) տարածաշրջանային ղեկավար Վակուի Ջունջիի և Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տնօրեն Թեմուր Մղեբրիշվիլիի  հետ։

 

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տարածաշրջանային ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացված ծրագրերը։ 

 

Քննարկվել են նաև համագործակցության երեք նոր ուղիներ, մասնավորապես՝ ռադիոկապի արդիականացման, Երևան քաղաքի համար փրկարարական տեխնիկայի ձեռք բերման և խոշոր աղետներին արձագանքելու նպատակով ծանր ինժեներական տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ։


Վակուի Ջունջին նշել է, որ գործակալությունը շահագրգիռ է շարունակել համագործակցությունը, և առաջարկվող ծրագրերը կներկայացվեն գործակալության ղեկավարությանն ու Ճապոնիայի կառավարությանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ գործակալության ռազմավարության առանցքային նպատակը աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի իրականացումն է: Վակուի Ջունջին հատուկ կարևորել է այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացումը և առաջարկել ընդլայնել համատեղ ծրագրերի շրջանակը՝ ներառելով նաև փորձագետների վերապատրաստման և փոխանակման ծրագրեր։ Նա, մասնավորապես, նշել է Ճապոնիայում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորության մասին՝ որպես արդյունավետ մեխանիզմ նոր հմտություններ ձեռք բերելու և միջազգային փորձառություն փոխանակելու համար։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու շփումները նոր ծրագրերի  քննարկման վերաբերյալ: 
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տնօրեն Թեմուր Մղեբրիշվիլլի  հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև փորձի փոխանակման և համատեղ գործողությունների կազմակերպման հարցեր։ 

 

Պայմանվորվածություն է ձեռք բերվել նաև 2025 թվականին Հայաստանում անցկացնել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի չափորոշիչներով  համատեղ դաշտային ուսումնավարժանք, որը կուժեղացնի երկու երկրների համագործակցությունը արտակարգ իրավիճակների արդյունավետ արձագանքման ոլորտում։