Հետևեք մեզ։

Բոլորի «դուխով» նկարները, Հրապարակից սելֆիները հիշում ենք, բայց ընդհանուր գործի համար պատրաստ ենք այս պահին դրան ուշադրություն չդարձնել․ Հայկ Մամիջանյան

11:30, 25 հոկտեմբեր 2024
Բոլորի «դուխով» նկարները, Հրապարակից սելֆիները հիշում ենք, բայց ընդհանուր գործի համար պատրաստ ենք այս պահին դրան ուշադրություն չդարձնել․ Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանի հեռացման հրամայականի կատարման համար անհրաժեշտ պայմաններ կան, դրանցից մեկն այն է, որ հիմնական և իրական ընդդիմադիր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը լինի իշխանափոխությունը։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 

«Մենք չենք մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար։ Մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ ՀՀ-ի ամենասիրված քաղաքական ուժը, պայքարում ենք՝ ունենալու համար անսասան պետականություն։

 

Ցավոք, ժամանակ առ ժամանակ, որոշ ընդդիմադիր շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու, քան մեր առաքելությունը՝ Փաշինյանին հեռացումը իրականացնելու համար։

 

Ժամանակ առ ժամանակ մեզ հունից հանում են և մենք ստիպված ենք լինում հիշեցնել, թե ով էր ինքը եղել իշխանափոխության ժամանակ, բոլորի դուխով նկարները հիշում ենք, Հրապարակից բոլորի սելֆիները հիշում ենք, բայց ընդհանուր գործի համար պատրաստ ենք այս պահին դրան ուշադրություն չդարձնել»,- ասաց Մամիջանյանը և հավելեց, որ կարծում է՝ հիմնական ընդդիմադիր դերակատարները գիտակցում են իրավիճակի լրջությունը և հավասարապես լծված են պայքարին։