Հետևեք մեզ։

Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68,500 տուփ ծխախոտ. ՊԵԿ

12:33, 25 հոկտեմբեր 2024
Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68,500 տուփ ծխախոտ. ՊԵԿ

Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին  ստացել առ այն, որ  ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

 

Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։

 

Օպերատիվ տեղեկությունն իրացնելիս՝ ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ռ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնված բեռնատարը: Արդյունքում, նշված բեռնատարի կիսակցորդից` ցեմենտի պարկերի տակ թաքցված, հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման 68,500 տուփ  ծխախոտ։

 

ՄԴՊ վարչության ծառայողների նախնական հաշվարկով, վերոնշյալ ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում, չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ, այսինքն, քաղաքացու արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

 

Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող  68,500 տուփ ծխախոտը և  բեռնատար ավտոմեքենան վերցվել և ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: Ռ․Հ․-ն  ձերբակալվել և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վերլուծական