Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել ԱՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Միխալկոն։ Դրա համար հիմք է հանդիսացել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայամետ բանաձևը, ինչպես նաև այնտեղ քննարկումների շրջանակներում Եվրահանձնակատարի արտահայտած կարծիքները։
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
Նշվել է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը Եվրամիության հետ իր հարաբերությունները կառուցում է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, փոխադարձ հարգանքի, հավասարության և ընդհանուր շահի հիման վրա, իսկ մյուս կողմին կոչ է արվում խստորեն հետևել այդ հիմնարար սկզբունքներին։ Եվրամիությունը խնդրում ենք զերծ մնալ կանխակալ քայլերից, որոնք խախտում են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջամտում են նրա ներքին գործերին և վնասում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»։