Հետևեք մեզ։

Անշարժ գույքի շուկան իր հետ զարգացնում է տնտեսության բազմաթիվ ճյուղեր. էկոնոմիկայի նախարարի տեղակալ

18:34, 25 հոկտեմբեր 2024
Անշարժ գույքի շուկան իր հետ զարգացնում է տնտեսության բազմաթիվ ճյուղեր. էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ ու մասշտաբային՝ TOON EXPO 2024 ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Armenian Real Estate Globalization Summit 2024 համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովին մասնակցել են նաև մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։
 
 
Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել «ՀՀ ներդրումային գույքի գրավչության բարձրացման մարտահրավերները» թեմայով պանելային քննարկում։ Քննարկվել են ներքին շուկայի հարցերը, միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներում։
 
 
Միջոցառման նպատակն էր համախմբել տեղական և միջազգային ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և պետական ներկայացուցիչներին՝ քննարկելու հայաստանյան անշարժ գույքի շուկայի գլոբալացման հնարավորությունները, զարգացումները և մարտահրավերները։
 
 
«Ողջունում եմ այս նախաձեռնության հեղինակներին, քանի որ միջոցառումը հնարավորություն է ընձեռում ընկերությունների միջև գործարար կապերի զարգացմանն ու ամրապնդմանը և, ինչու չէ, մեր սպառողներին ու ներդրողներին մեկ հարկի տակ ներկայացնելու այն հնարավորություններն ու առաջարկները, որոնք ունեն մեր երկրի կառուցապատման և անշարժ գույքի կազմակերպությունները։ Արդյունքում ստեղծվում է այս սիներգիան, որն ամբողջ տնտեսության ու երկրի համար ապահովում է դրական արդյունք։ Անշարժ գույքի շուկան, գաղտնիք չէ, որ իր հետ զարգացնում է տնտեսության բազմաթիվ ճյուղեր։ Հետևաբար, շատ կարևոր է անշարժ գույքի ներդրումային գրավչության բարձրացումը, ինչին մեծապես նպաստում են նմանատիպ միջոցառումները»,- ընդգծել է նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում։