Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումը շարունակելու համար պահանջվում է նոր պայմանագիր կնքել։ Այս մասին Սպուտնիկ Արմենիա-ի փոխանցմամբ՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքով Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ դա անհրաժեշտ է ոչ միայն գազի հոսքն ապահովելու համար, այլև եվրոպական էներգետիկ օրենսդրության պահանջների պատճառով, որին միացել է նաև Ուկրաինան: Նրա խոսքով` գազի տեղափոխման համար անհրաժեշտ հզորությունների ամրագրումը պետք է սկսվեր դեռ հուլիսին, սակայն դա տեղի չունեցավ։
«Որպեսզի գազամատակարարումը շարունակվի, նոր պայմանագիր է պետք, ինչպես նաև տրանսպորտային հզորությունների նախնական ամրագրում»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
Ռուսաստանն այնուամենայնիվ չի հրաժարվում եվրոպական սպառողներին գազ մատակարարելուցև մի քանի այլընտրանքային երթուղի է առաջարկում։ Սակայն, ինչպես հստակեցրել է Պուտինը, Ուկրաինայի տարածքով գործող ուղիներից մեկով մատակարարումները սահմանափակ են. ուկրաինական կողմը փակել է «Սոխրանովկա» կետը, և գազի փոխադրումը հնարավոր է միայն Սուջայի կայանի միջոցով:
«Մենք շարունակում ենք Սուջայով գազի մատակարարումը, սակայն տարանցման պայմանագիրը լրանում է արդեն այս տարվա դեկտեմբերին»,-հավելել է ՌԴ նախագահը:
Վերջին տարիներին Ռուսաստանը զարգացնում է այլընտրանքային գազատարները, ինչպիսիք են «Հյուսիսային հոսքը» և «Թուրքական հոսքը», որպեսզի նվազեցնի կախվածությունը ուկրաինական երթուղուց: Սակայն Ուկրաինայի տարածքով երթուղին դեռ արդիական է Եվրոպայի համար։