Հետևեք մեզ։

Էջմիածնում գիշերային ակումբի տնօրենը հայտնել է, որ ակումբում ծեծկռտուք է

23:29, 03 մայիս 2023
Էջմիածնում գիշերային ակումբի տնօրենը հայտնել է, որ ակումբում ծեծկռտուք է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 2-ին, ժամը 00.50-ին, զանգած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի գիշերային ակումբում ծեծկռտուք է:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին հինգ երիտասարդ նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

«Ակումբի տնօրենից ընդունվել է հաղորդում:

 

Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդներից մեկը ներկայացել է Վաղարշապատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ են ստացել, որ նշված դեպքի ժամանակ երիտասարդներից մեկի ձեռքին ատրճանակ է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա երիտասարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ:

 

Նշվում է, որ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: