Հետևեք մեզ։

Բաքուն ԵՄ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ Եվրախորհդարանում ընդունված բանաձևի առնչությամբ

01:19, 26 հոկտեմբեր 2024
Բաքուն ԵՄ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ Եվրախորհդարանում ընդունված բանաձևի առնչությամբ

Ադրբեջանը արտգործնախարարություն է կանչել երկրում Եվրամիության դեսպանին և բողոքի նոտա հանձնել՝ Եվրախորհդարանում երեկ ընդունված բանաձևի առնչությամբ, որը քննադատել էր Ալիևի վարչակազմին՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար, ինչպես նաև պահանջել Բաքվից դուրս բերել զորքերը Հայաստանի օկուպացրած տարածքներից։

 

Բաքուն բանաձև որակել է կանխակալ, և պնդել, թե դրանով Եվրախորհրդարանը միջամտում է իր ներքին գործերին, նպաստում Հայաստանում ռևանշիստական տրամադրություններին՝ խոչընդոտելով խաղաղության գործընթացին։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջել է զերծ մնալ, Բաքվի ձևակերմամբ, կողմնակալ քայլերից, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, խաթարում են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև միջամտում են երկրի ներքին գործերին։

 

Երեկ Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձև էր ընդունել 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։ Բանաձևով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում և արտերկրում։