Վրաստանում խորհրդարանական ընտրություններում ընտրական գործընթացը հիմնականում ընթանում է հանգիստ, սակայն արձանագրվում են հանձնաժողովի անդամների աշխատանքին միջամտելու փաստեր, ճեպազրույցում ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։
«Գործընթացը հիմնականում ընթանում է հանգիստ մթնոլորտում, որոշ դեպքերում արձանագրվում են հանձնաժողովի անդամների աշխատանքին միջամտելու փաստեր, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում կողմերին, դիտորդներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին պահպանել օրենքը», - ասել է Իոսելիանին։
Նրա խոսքով, տեղեկություններ են տարածվել, թե իբր արձանագրվել է, որ մեկ ընտրողի համար երկու քվեաթերթիկ է փոխանցվել, ինչը տեխնիկապես անհնար է, քանի որ ձայների հաշվարկման ապարատը չի կարող ընդունել երկու քվեաթերթիկ մեկ անձից։
Իոսելիանին հավելել է, որ փաստ է արձանագրվել, երբ քաղաքական սուբյեկտներից մեկը լուսանկարել է քվեաթերթիկը և տարածել այն, ինչը նույնպես արգելված է։
Մեկնաբանելով վրացական ընդդիմադիր հեռուստաընկերությունների կողմից Զուգդիդի քաղաքի ընտրատեղամասերից մեկում ծեծկռտուքի տեսանյութ տարածելու փաստը, Իոսելիանին ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր քաղաքացիներին, հիմնականում դիտորդներին, չմիջամտել ընտրական գործընթացին, այլ՝ հակառակը՝ հեշտացնել ընտրական վարչակազմի աշխատանքը և թույլ տալ քաղաքացիներին հանգիստ միջավայրում ընտրություն կատարել։