Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հանդիպել է ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջական վիճակի առնչությամբ:
«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին՝ կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները, վերացնել Իբադօղլուի նկատմամբ սահմանված սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է Բաքվում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:
Երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձև էր ընդունել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում և արտերկրում։