Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելայրիին՝ պահանջելով ապահովել արագ արձագանքում խորհրդարանական ընտրությունների ընթացքում բռնության դեպքերին և այլ խախտումներին:
«Ցանկանում եմ դիմել ներքին գործերի նախարարին, որի հետ, ցավոք, չեմ կարողանում կապ հաստատել, իմ վարչակազմը չի կարողանում կապ հաստատել նրա տեղակալի հետ, չի աշխատում նաև կառավարության պաշտոնական գիծը: Ես խնդրում և կոչ եմ անում, որպեսզի ոստիկանության արձագանքումն ավելի արագ և ավելի արդյունավետ լինի, քանի որ չի կարելի թույլ տալ նման լարվածություն ընտրատեղամասերում: Դա մեզ չի սազում», - ասել է Զուրաբիշվիլին տեսաուղերձում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին ընտրություններին ակտիվության համար, ինչպես նաև լրագրողներին, ովքեր լուսաբանում են գործընթացը:
Առավոտվանից արձանագրվել են ծեծկռտուքի մի քանի դեպքեր ինչպես ընտրատեղամասերի մոտ, այնպես էլ՝ ուղղակիորեն ընտրատեղամասերում:
Որոշ ժամանակ առաջ զանգվածային ծեծկռտուքներ են տեղի ունեցել Գլդանիում և Իսանիում: Հաղորդվում է նաև ընդդիմադիր TV Pirveli-ի աշխատակիցների վրա մի քանի հարձակումների և նրանց տեխնիկայի վնասման մասին: Որոշ դեպքերով ՆԳՆ-ն սկսել է քննություն: Ձերբակալվածների մասին առայժմ չի հաղորդվել: