«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, Թբիլիսիում քվեարկելուց հետո, կոչով է դիմել հասարակությանը՝ գալ ընտրությունների: Նրա խոսքերով՝ ընդդիմության հաղթանակի դեպքում երկրին սպասում են աղետ և ավերակներ:
«Մենք ունենք շատ պարզ ընտրություն․ կա՛մ ընտրում ենք կառավարություն, որը կծառայի ձեզ՝ Վրաստանի ժողովրդին, վրացական հասարակությանը, կհոգա երկրի մասին, կա՛մ ընտրում ենք օտար պետության գործակալներին, որոնք կկատարեն միայն արտասահմանից եկած հրահանգները:
Ավելին, ներկայիս ընտրություններն առանձնանում են նրանով, որ օտար պետությունն ունի արտահայտված շահեր, որոնք կարող է անմիջապես հանձնարարել իր գործակալներին, եթե մենք նրանց ընտրենք: Ձեզ հայտնի է, որ հարևանությամբ պատերազմ է ընթանում:
Երկիրը, որը ղեկավարում է գործակալներին և որը, ցավոք, այսօր քաղաքականության մեջ է, ունի հրատապ առաջադրանք՝ որևէ կերպ Վրաստանը ներքաշել մարտական գործողությունների մեջ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դա շատ ժամանակ չի պահանջի, դա կլինի ակնթարթորեն, և փոխանակ երկրի զարգացման մասին հոգալու, մենք կստանանք աղետ և ավերակներ երկրում», - ասել է Իվանիշվիլին լրագրողներին: