ՀՀ պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության գործիք է։ Այս մասին ԱԺ-ում 2025-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին շրջանում շատ ենք խոսում բարեկեցության մասին, բայց պետք է թույլ չտալ, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ մեկնաբանեն որպես ուտելու պրոցեսի քարոզչություն։ Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովելու գործիք է կամ, ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք։ Այսպես պետք է ընկալի պետությունը ինքը իրեն, այսպես պետք է ընկալեն քաղաքացիները իրենց պետությունը, որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ այս համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ ՀՀ ավելի քան 1 միլիոն քաղաքացիներ բարեկեցության իրենց կենսական կարիքը հոգալու համար սկսած 1990-ականների սկզբից հեռացան, հեռացել են և արտագաղթում են ՀՀ-ից։