Հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ, որոնք 20 տոկոսով կգերազանցեն 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Արդյունքում՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը և 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0,7 տոկոսային կետով»,-նշեց Հովհաննիսյանը։
Նախարարն ընդգծեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ամբողջ ուժը կենտրոնացած է պաշտպանության ոլորտի զարգացմանը։