Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, «Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մամուլի խոսանակը՝ նշելով, որ քիչ անց հայտարարություն կտարածեն, իսկ Ընտրատարածքային հանձնաժողով մանդատները վայր դնելու արձանագրություն դեռ չեն ներկայացրել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ վայր կդնեն մանդատները։ Գյումրիի իշխող ուժը այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։