Հետևեք մեզ։

ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ. ԱԳ փոխնախարար

15:38, 28 հոկտեմբեր 2024
ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ. ԱԳ փոխնախարար

Լեռնային Ղարաբաղի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ  Վահան Կոստանյանը Մատենադարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված է մշակութային ժառանգության պահպանությանը։  

 

Վահան Կոստանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մշակութային ժառանգության վրա հարձակումներն ավելանում են, իսկ մշակութային ինքնության ժխտումը կիրառվում է որպես գործիք՝ հակամարտությունների էսկալացիայի և միջազգային կայունությունը խաթարելու համար։

 

«Կեղծ խոսույթներ են օգտագործվում՝ մշակույթը դարձնելով բաժանարար գործիք, այլ ոչ թե միավորող գործոն։ Ցավոք, նույնիսկ մեր օրերում միջազգային կոնվենցիաների պարտադիր իրավական ուժ ունեցող սկզբունքները և Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներն անտեսվում են՝ ստեղծելով վտանգավոր նախադեպեր, որոնք սպառնում են մշակութային պաշտպանության գլոբալ համակարգին և արտացոլում միջազգային բազմակողմ ինստիտուտների և մեխանիզմների թուլացումը», - նշեց Վահան Կոստանյանը։

 

Նրա խոսքով՝ այս դժվարին իրողությունները ծանր հետևանքներ են ունեցել նաև Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում, որի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից։ 

 

Փոխնախարարի խոսքով՝ նման լուրջ վտանգներին դիմակայելու համար ավելի քան երբևէ անհրաժեշտ է ամրապնդել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ինստիտուտները և գործիքները, ինչպես նաև ուսումնասիրել նորարարական ուղիները մարդկության համատեղ ժառանգությունը պահպանելու համար։