Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտությունը հրատապ է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
«Անընդհատ հայտարարվել է, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի կողմից, որ համաձայնագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել ստորագրել այն, ինչը արդեն համաձայնեցված է՝ որպես համաձայնագրի հիմք, հետագայում քննարկումներ կարող են տեղի ունենալ չլուծված հարցերի շուրջ: Ադրբեջանն ունի հատուկ պատասխանատվություն, հատկապես, որ իբրեւ COP 29-ի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը-խմբ.) կազմակերպիչ իր վրա է սեւեռում միջազգային ուշադրությունը, ինչը նրանց համար հատուկ միջազգային պարտավորություններ է առաջացնում։ Այս փուլում նրանց հիմնական պատասխանատվությունն է՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել»,-ասել է նա։
Հարցին՝ ի՞նչ տեղի կունենա, եթե նրանք հետաձգեն դա և հրաժարվեն համաձայնագիրը ստորագրել մինչեւ COP 29-ը, դեսպանը պատասխանել է.
«Այդ հարցը պետք է ուղղել Ադրբեջանին: Մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղության համաձայնագրի պայմաններն առկա են, և այն պետք է կնքվի հնարավորինս շուտ: Դա նշանակում է՝ COP 29-ից առաջ»։