Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում հնչել է օդային տագնապի ազդանշանը, գործարկվել է էլեկտրաշչակ․ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ուսումնավարժություն են անցկացնում։
Աշակերտների տարհանում, հրդեհաշիջում, ռումբի ականազերծում և մի շարք այլ գործողություններ։
Ուսումնավարժանքին դպրոցի աշակերտներից և մանկավարժական կազմից բացի ներգրավված էին մի շարք գերատեսչություններ ու ծառայություններ՝ Պարեկային ծառայությունը, Երևանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները և տարհանման հանձնաժողովը, շտապօգնության խումբը, «Վեոլիա Ջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների վթարային խմբերը։
«Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը տեղի էր ունենում մի քանի սցենարով:
Ներկայացնում է ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Նվեր Մարգարյանը. «Պլանավորված է երեք ուսումնական փուլ: Առաջին ուսումնական փուլով իրականացնում ենք արգելափակված աշակերտի իջեցում դպրոցի երրորդ հարկից, հրդեհաշիջման աշխատանքներ, չպայթած ականի ականազերծում, բժշկական օգնության ցուցաբերում, երկրորդ ուսումնական փուլում՝ ծխապատ գոտում փլատակից արգելափակված քաղաքացու դուրսբերում և երրորդ ուսումնական փուլի ընթացքում դպրոցի հարկերից պարանային միջոցներով քաղաքացիների, աշակերտների տարհանում»։
Դպրոցի աշակերտների և դիտորդների խոսքով՝ առաջին անգամ չէ, որ Փրկարար ծառայությունը իրենց դպրոցում նմանատիպ միջոցառում է իրականացնում, ինչպես ասում են՝ ով տեղեկացված է, նա պաշտպանված է։
Ուսումնավարժության ավարտին շնորհակալության խոսքեր հնչեցին փրկարարների և մյուս ծառայությունների ներկայացուցիչների հասցեին։
Դպրոցի աշակերտները արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ նոր գիտելիքներ ձեռք բերեցին, իսկ գերատեսչությունների ծառայողները ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան գործնականում ցույց տալու և կատարելագործելու մասնագիտական հմտությունները։