Հետևեք մեզ։

ԱԱԾ տնօրենը կարծում է, որ սահմանազատման արդյունքում կվերականգնվեն Հայաստանի օկուպացված տարածքները

18:22, 28 հոկտեմբեր 2024
ԱԱԾ տնօրենը կարծում է, որ սահմանազատման արդյունքում կվերականգնվեն Հայաստանի օկուպացված տարածքները

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ-ի օկուպացված տարածքներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում Ազգային անվտանգության ծառայությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու ուղղությամբ։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ այժմ տեղի է ունենում սահմանազատման գործընթաց և այն շարունակական է լինելու։

«Վերջերս սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց Հայաստանում Ազգային ժողովի կողմից, իսկ Ադրբեջանում՝ նախագահի կողմից։ Եվ այդ գործընթացը, կարծում եմ, լինելու է շարունակական»,- ասաց Աբազյան։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանազատման գործընթացի արդյունքում կվերականգնվեն Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքները՝ Աբազյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։