Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներով Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտ են հայտարարել օրենսդիր մարմնին։
«Մենք չենք մտածում այս խորհրդարանում աշխատելու մասին»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից Աննա Դոլիձեն։ Երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ «Միասնություն-Ազգային շարժում» և «Փոփոխության կոալիցիան», որոնք խորհրդարան են մտել ընտրությունների արդյունքներից հետո, ավելի վաղ հայտարարել էին, որ հրաժարվում են պատգամավորական մանդատներից։
Ընդդիմադիր չորրորդ՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան նույնպես հայտարարել է նոր խորհրդարանում աշխատելուց հրաժարվելու մասին, փոխանցում է Գրուզիա օնլայնը։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներով, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են անցնում նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, ստացել են 37,78 տոկոս։
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ճանաչում ԿԸՀ-ի տվյալները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններն ամբողջությամբ կեղծված է անվանել և բողոքի ակցիաների կոչ արել։