Հոկտեմբերի 6-ին ՍԴ-ի առաջ իրականացվող անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանին հարցրին, թե ինչու՞ են մայիսի 30-ին Հանրապետության հրապարակից ցույցին մասնակցող քաղաքացիների մեքենաները մինչև հիմա տուգանային հրապարակում պահում, իսկ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մգեցված ապակիներով «Լեքսուսը» չեն տանում տուգանային հրապարակ՝ Վարդան Վարդանյանը պատասխանել է.«Ես անձամբ չեմ տեսել»:
Hayastan.news-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին այն մասին, թե ինչու՞ ՆԳ նախարարությունը չի տեսնում Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան, տեսնում է ցուցարարների կամ այլ քաղաքացիների մեքենանները և ո՞րն է պատճառը, որ ՆԳ նախարարությունը հավասար մոտեցում չի ցուցաբերում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և Աննա Հակոբյանի նկատմամբ, քանի որ Վահե Ղազարյանը նախորդ տարվա հունիսից երթևեկում է ոչ մգեցված ապակիներով ամենագնացով և այդ մասին հայտարարել է անձամբ:
ՆԳ նախարարությունը գրավոր պատասխանել է հարցմանը, հայտնելով. «Հրապարակումների հիման վրա հնարավոր չէ իրականացնել վարչարարություն և կայացնել վարչական ակտ, քանի որ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար, ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ և ՀՀ Ճանապարհայիններթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասերին համապատասխան, վարչական պատասխանատվություն կարող է կիրառվել միայն վարելիս խախտումը հայտնաբերելու և ապակիների լուսաթափանցելությունը ստուգաչափում անցած համապատասխան սարքով չափելու արդյունքում»:
Պատասխանի այս մասով նշենք, որ այս դասախոսության կարիքը հաստատ ունեն միջնակարգ կրթությամբ պարեկները: Լրատվամիջոցը, ի տարբերություն ՆԳՆ-ի, չափազանց քաջատեղյակ է, թե երբ ինչ է արվում և ինչը ինչու չի արվում: Անգամ առանց այս հարցուպատասխանի, ակնհայտ է, թե ինչու՞ է Աննա Հակոբյանը բարձր օրենքից, որովհետև նրան տուգանել, անգամ մեքենայի կողքից արագ անցնել չեն կարող, ուր մնաց, թե տուգանեն։
Hayastan.news-ը նախարարությանը հարց չի ուղղել, թե որ պարագայում են տուգանում, այլ հստակ հարցրել է` ինչու՞ չեն տեսնում Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան:
Թե ինչու՞ է ՆԳ նախարարը ստորադասելի Աննա Հակոբյանից, և ոչ հավասար, ՆԳՆ-ն, տվել է հետևյալ պատասխանը.
«Դեպքերի հայտնաբերումը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ամենօրյա ուշադրության ներքո և խախտումով տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ձեռնարկում են, ինչպես նաև կշարունակեն ձեռնարկել օրենքով նախատեսված վարչական ներգործության միջոցներ:
Միաժամանակ հայտնում ենք, որ 2024-ի հունվարի 1-ից օգոստոսի 1-ը ապակիների լուսաթափանցելիության խախտման համար կազմվել են 15.113 արձանագրություններ»:
Այսպիսով, սակայն, ՆԳՆ- ն փաստել է, որ Աննա Հակոբյանն արտոնյալ է առնվազն 15.113 ՀՀ քաղաքացի վարորդից:
Ուստի, օգնելով ՆԳՆ-ին, որպեսզի իրավահավասարության մասին հենք ունենան, կարող են յուրաքանչյուր օր գնալ Երևան, Տերյան 1/1 հասցե, տեսնել և արձանագրել «անտեսանելին»: