Հետևեք մեզ։

«Բալասանյան» դաշինքը ողջ կազմով վայր դրեց մանդատները, Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց․ «Ազատություն»

22:28, 28 հոկտեմբեր 2024
«Բալասանյան» դաշինքը ողջ կազմով վայր դրեց մանդատները, Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց․ «Ազատություն»

Իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Գյումրիի ավագանու մանդատները վայր դնելու արձանագրություն է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով։ «Ազատության» տեղեկություններով՝ առավոտյան Սամսոնյանը նաև քաղաքապետի պաշտոնից հեռանալու դիմում է գրել։

Արդեն նախկին իշխող ուժը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից հրաժարվում է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա մերձավորների դեմ քրեական գործի հարուցումից հետո։ Ու չնայած հրաժարականի լուրերն արդեն մեկ շաբաթ է համառորեն պտտվում էին, մինչ այս պահը ոչ Բալասանյանները, ոչ քաղաքապետը, ոչ էլ ավագանու 13 անդամները հրապարակավ չեն բացատրել, թե ինչու են հերթական ընտրություններից երկու տարի առաջ գնում այս քայլին։ Սպասվում է, որ առաջիկայում դաշինքը հայտարարություն կտարածի։