Հաջորդ տարվա պետական բյուջեով Վանաձորում և Իջևանում նախատեսվում է ֆուտբոլի մարզադաշտերի կառուցում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախատեսվում է Վանաձորում և Իջևանում ֆուտբոլի մարզադաշտերի կառուցում՝ ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով։ Հայտարարվել է, որ մենք պլանավորում ենք անցկացնել ֆուտբոլի Եվրոպայի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը Վրաստանի հետ միասին։ Սա նշանակում է, որ համապատասխան ենթակառուցվածքների կարիք ունենք։ Ակադեմիական քաղաքում պլանավորվող ազգային ստադիոնը, Վանաձորի և Իջևանի ֆուտբոլի մարզադաշտերն ապահովելու են ենթակառուցվածքները»,- ասաց Անդրեասյանը՝ ակնարկելով, որ մինչև 2029 թվականը պատրաստ կլինի նաև ազգային մարզադաշտը, որը պլանավորվում է կառուցել Ակադեմիական քաղաքում։