Հետևեք մեզ։

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»․ խնդիրներ են արձանագրվել

13:40, 29 հոկտեմբեր 2024
ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»․ խնդիրներ են արձանագրվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):

 

Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, անիտարահիգիենիկ պայմանները և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։


Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են: 


Այսպես. 

▪️ Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանակոնքերը միմյանցից առանձնացված էին միայն միջնապատով, իսկ լոգախցիկները և զուգարանակոնքերը առանձնացված չէին:


▪️ Երեխաներից մի քանիսի սրբիչները անհանատականացված չէին՝ բացակայում էին անունները կամ տարբերակիչ նշանները:


▪️ Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։


▪️ Հաստատությունը ունի միայն մեկ տրանսպորտային միջոց, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում հաստատության երեխաների փոխադրումները, այդ թվում՝ մշակութային միջոցառումներին մասնակցությունը կազմակերպելու հարցում:


▪️ Արձանագրվել են պետության կողմից միգրացիայի համատեքստում ընտանիքից անջատված երեխայի իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիրներ։


▪️ Արձանագրվել են խնամատար ընտանիքում երեխաների խնամքը կազմակերպելու հետ կապված խնդիրներ:


▪️ Արձանագրվել է Հաստատությունում գտնվող երեխաներից մեկի կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիր:

 

▪️ Արձանագրվել են սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Հաստատությունը չունի բուժքույր-դիետաբան, որևէ երեխայի համար չի մշակվում հատուկ սննդակարգ:


▪️ Արձանագրվել է Հաստատության աշխատողների իրական կարիքների գնահատման հիման վրա շարունակական վերապատրաստումներ կազմակերպելու անհրաժեշտություն և այլն:

 

Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են հաստատության տնօրինության հետ: 

 

Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: