Ընդունված է, որ բոլոր նյուզրումերում կախվում են ժամացույցներ, որովհետև երբ ենթադրենք ասվում է՝ «Սինգապուրում տեղական ժամանակով կլինի այսինչ ժամին», նշվում է, որ օրինակ՝ Մոսկվայում աշխատող լրագրողը իմանա այդ մասին։ Տեղեկատվական բնույթ է կրում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը՝ անդրադառնալով Հանրային Ռադիոյում Բաքվի տեղական ժամանակը ցուցադրող ժամացույց կախելուն։
«Օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանում, որտեղ աշխատել եմ 32 տարի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի դրոշները իրար կողք դրված են»,- ասաց Քոլոյանը և դիտարկմանը, որ «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանի հարկատուների հաշվին չի գործում, պատասխանեց․ «Ես դիտում եմ դա որպես միջազգային մոտեցում»։
Հարցին՝ Բաքվի ժամացույցը կախելիս արդյոք հաշվի առե՞լ էր այն հանգամանքը, որ Հանրային Ռադիոյում աշխատում են որդեկորույս ծնողներ, Քոլոյանը արձագանքեց․ «Ես դիտարկել եմ դա որպես մեխանիկական գործիք, որը ցուցադրում է ժամ։ Հետագայում որոշել ենք հրաժարվել Բաքվի ժամացույցից»։