Ես նման տեղեկություն չունեմ, չկա նման բան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով ՔՊ ներսում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անելու վերաբերյալ հարցին։
Դիտարկմանը, թե Անդրանիկ Քոչարյանից դժգոհողների ցանկում նաև իր անունն է նշվում և ընդգծվում է, թե հիմնական պատճառն այն է, որ իր՝ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունն առաջադրված է եղել Արդարադատության նախարարի պաշտոնում և դա Անդրանիկ Քոչարյանի սրտով չի եղել, Գաբրիելյանը արձագանքեց․ «Սխալ տեղեկատվություն է, ես երբեք չեմ եղել թեկնածու Արդարադատության նախարարի պաշտոնում, չունեմ նման ցանկություն»,- ասաց Գաբրիելյանը։
Գաբրիելյանը հավելեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում նման հարց չկա։