Հետևեք մեզ։

Volkswagen-ի և BMW-ի աշխատակիցները Գերմանիայում գործադուլ են անցկացնում. պահանջը աշխատավարձի 7 %-ով բարձրացումն է

18:00, 29 հոկտեմբեր 2024
Volkswagen-ի և BMW-ի աշխատակիցները Գերմանիայում գործադուլ են անցկացնում. պահանջը աշխատավարձի 7 %-ով բարձրացումն է

Գերմանիայում սկսվել են մետալուրգիական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության աշխատողների գործադուլները․ նրանց հետ միասին գործադուլ են անում նաև Volkswagen (VW) և BMW ավտոկոնցեռնների աշխատակիցները։ Այս մասին Արմենպրես-ը տեղեկացել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

 

«Լույս հոկտեմբերի 29-ի գիշերը IG Metall արհմիությունն սկսել է բողոքի ցույցերի առաջին ալիքը Գերմանիայի մետալուրգիական և էլեկտրական արդյունաբերության ոլորտում։ Դրանց մասնակցում են նաև VW և BMW ավտոարտադրողների աշխատողները։ Օրվա ընթացքում ամբողջ Գերմանիայում աշխատանքը կդադարեցվի», - հայտնել է արհմիությունը։

 

IG Metall-ի տվյալներով՝ Օսնաբրյուկում նախազգուշական գործադուլին մասնակցում է փակման սպառնալիքի տակ հայտնված Volkswagen գործարանի 250 աշխատակից։ Ռեգենսբուրգում BMW գործարանի առջև նույնպես հավաքվել են աշխատակիցները՝ պաստառներով։ Գործադուլ է նախատեսվում նաև Ինգոլշտադտի Audi գործարանում։

 

Գործատուների հետ բանակցությունների ընթացիկ փուլի գլխավոր պահանջը աշխատավարձի 7 %-ով բարձրացումն է, ինչպես նաև վերապատրաստվողների վարձավճարի բարձրացումը 170 եվրոյով։ Արհմիությունը նման միջոցների անհրաժեշտությունը բացատրում է գնաճով։

 

VW-ի արտադրական խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոն ավելի վաղ հայտնել էր, որ կոնցեռնը մտադիր է խնայողություն անելու նպատակով առնվազն երեք գործարան փակել Գերմանիայում և դրանով իսկ կրճատել տասնյակ հազարավոր աշխատատեղեր: Գերմանիայում շուրջ 120 000 մարդ է աշխատում է ընկերության տասը գործարաններում։ Կոնցեռնում խնայողության կոշտ միջոցների կողմնակիցները ցանկանում են կրճատել մինչև 30 000 աշխատակցի։

Ի պատասխան այս պլանների՝ Volkswagen-ի աշխատակիցներին ներկայացնող արհմիությունները սպառնացել են գործադուլներով: