ՀՀ քննչական կոմիտեն պարզել է, որ 2024թ․ հեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող գազալցակայանի տարածքում Սուրենավան բնակավայրի 24-ամյա բնակչի, վերջինիս քրոջ որդու, վերջիններիս համագյուղացու և քննությամբ դեռևս չպարզված անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 24-ամյա անձը հրազենային վնասվածք է ստացել:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված քննությամբ տվյալներ են ստացվել, որ միջադեպին մասնակից անձինք՝ մի կողմից Ա.Զ.-ն, վերջինիս քրոջ որդի Ա.Պ.-ն, իսկ մյուս կողմից տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը, ով նրա բարեկամն է, գտնվում են լարված հարաբերությունների մեջ և նախկինում նույնպես վեճեր են ունեցել:
Հոկտեմբերի 3-ին մի կողմից Սուրենավան բնակավայրի 26-ամյա բնակիչ Ա.Պ.-ն, Ա.Զ.-ի և այլ անձանց հետ, մահակով, իսկ մյուս կողմից՝ Ա.Զ.-ի բարեկամ, նույն գյուղում բնակվող անձը, 9մմ տրամաչափի ակոսափող հրազենով զինված, այլ անձանց հետ ժամանել են Սուրենավանի՝ Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածք:
Տևական ժամանակ վիճաբանելով միմյանց հետ, հայհոյելով՝ նրանք խանգարել են գազալցակայանում և հարևանությամբ գտնվող մարդկանց անդորրը՝ միաժամանակ խոչընդոտել գազալցակայանի բնականոն աշխատանքը:
Ա.Պ.-ն հարևանությամբ գտնվող իրեն պատկանող խանութից վերցրել է «TT» տեսակի ատրճանակ և չենթարկվելով հավաքված անձանց հորդորներին, նրանց մի կողմ հրելով՝ փորձել է հետապնդել Ա.Զ.-ի բարեկամին և պատժել նրան:
Քննությամբ փաստվել է, որ կրակոցներ արձակել է ոչ միայն Ա.Պ.-ն, այլև՝ Ա.Զ.-ի բարեկամը, ով իր հետ վերցրած ապօրինի զենքից կրակոցներ է արձակել նրա ոտքերի ուղղությամբ, ինչի հետևանքով կրակոցներից մեկը վնասել է 24-ամյա անձի ոտքը՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա.Պ.-ն ձերբակալվել է, նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ա.Զ.-ի բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: