ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ անձի կողմից «Հանրային ձայն» կուսակցության նախագահի միջոցով այլ անձի արատավորելու և ներդրված գումարները վերադարձնելուն հարկադրելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև՝ նույն անձի կողմից մի շարք քաղաքացիների գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես, Երևան քաղաքի բնակիչ, 09.04.1980թ. ծնված Հայկ Խաչատրյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում խարդախություն կատարելու դիտավորությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ․Ա․-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ 8.000.000 ՀՀ դրամ գումար Արտակ Գալստյանին փոխանցելու դեպքում վերջինս «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացնի Կ․Ա․-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, վարձատուի մասին կտարածի արատավորող տեղեկություններ, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ․Ա․-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ․Ա․-ին ու նրան ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ:
Դրանից հետո՝ 2022թ․ հունիսի 23-ին, Հայկ Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա․-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը՝ 2022թ․ հունիսի 24-ին, Շ․Ա․-ից առձեռն ստանալով հափշտակության առարկան՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը, Կ․Ա․-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հափշտակված գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վարդան Ղուկասյանին փոխանցելու նպատակով, ապա կրկին հաստատել, որ շատ կարճ ժամանակահատվածում Վարդան Ղուկասյանի կողմից վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու եղանակով կապահովվի սննդի կետի գործունեության համար ներդրված 34.000 ԱՄՆ դոլար գումարի և իրենց տրամադրված 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին:
Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, թեև Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին ու վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու միջոցով նրան գույքային պարտավորություններ ստանձնելու ապարդյուն պահանջներ ներկայացրել, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել ու այդ կերպ խարդախությամբ հափշտակել են վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը:
Բացի վերոնշյալը, Հայկ Խաչատրյանը, ներկայանալով ՌԴ իրավապահ համակարգում մեծ կապեր և հնարավորություններ, գործարար համբավ ունեցող անձնավորություն, քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնող անձին արգելանքից ազատելու, Երևանում տաքսի ծառայության գրասենյակ հիմնելու, այն վերանորոգելու, գովազդելու, Արաբական Միացյալ Էմիրություններից ավտոմեքենաներ գնելու և ՀՀ տեղափոխելու, Իրանի Իսլամական Հանրապետությունից բժշկական դիմակներ ձեռք բերելու և ՀՀ դրանց ներմուծումը կազմակերպելու պատրվակներով, չարաշահելով իր նկատմամբ ունեցած վստահությունը, մի խումբ անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 102.473.316 ՀՀ դրամ գումարներ։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին` Հ․Խաչատրյանի նկատմամբ ընդհանուր 8 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Հայկ Խաչատրյանը ձերբակալվել է՝ կալանավորման նպատակով դատարան ներկայացելու համար։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախության վերոնշյալ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանցում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու, ինչպես նաև՝ Հայկ Խաչատրյանի կողմից այլ նմանատիպ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու ուղությամբ։
Հաշվի առնելով, որ Հայկ Խաչատրյանի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաև այլ անձինք՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: