Հետևեք մեզ։

Հանդիպել են Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտորը և Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները․ ստորագրվել է հուշագիր

19:37, 29 հոկտեմբեր 2024
Հանդիպել են  Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտորը և Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները․ ստորագրվել է հուշագիր

Սույն թվականի հոկտեմեբրի 28-ին տեղի է ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովի և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի համահիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև պատվիրակության կազմում ընդգրկված  ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, Քուվեյթում և Հունաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության նախկին ղեկավար Ֆադեյ Չարչօղլյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև գիտական ​​գծով պրոռեկտոր Ա․ Բայկովը, ռեկտորի խորհրդական Ա. Ռեշետնյակը, ինչպես նաև՝ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մ. Սուչկովը։

 

Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրել է համալսարանի գիտահետազոտական ​​և կրթական գործունեության առանցքային ոլորտները, այդ թվում՝ նորարարական բնագավառները, մասնավորապես՝ ճանաչողական հետազոտությունների և գործնական արևելագիտության ծրագրի մանրամասները, քննարկվել է մի շարք համատեղ գիտաժողովներ անցկացնելու առաջարկը։

 

Արա Այվազյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ռեկտոր Տորկունովին և ողջ անձնակազմին համալսարանի 80-ամյակի կապակցությամբ ու մաղթել МГИМО-ին հետագա շարունակական զարգացում։ Այվազյանն իր խոսքում նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական ​​կապերի զարգացման կարևորությունը ու առաջարկել 2024-2025 թվականների ընթացքում համատեղ իրականացնել մի շարք նախագծեր։

 

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վիճակի և ընթացիկ միջազգային օրակարգի շուրջ։ 

 

Հանդիպման ավարտին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) և Դիվանագետների համահայկական խորհրդի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Վերլուծական