Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Զինված ուժերում մահվան դեպքերին՝ հայտարարելով, այս տարվա 10 ամիսներին գրեթե կրկնակի քիչ մահ է գրանցվել՝ 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ։
«Շատ փորձագետներ, իրավապաշտպան ՀԿ-ներ, որոշ լրատվամիջոցներ, երբ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում, թե այդ 33 մահվան դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել և քանիսը կապված չեն եղել»,- ասել է Թորոսյանը։
Օրեր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ոչ մարտական պայմաններում արձանագրված մահերի վերաբերյալ այլ թվեր էր ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
#CivilNetCheck-ը գնացել է պաշտոնյաների հակասական հայտարարությունների հետքերով։
Ի՞նչ թվեր են ներկայացրել տարբեր պաշտոնյաներ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով են տեղի ունեցել, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության հետևանքով, 11-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից 7-ը ծառայության հետ կապված չէ»։
Ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ոչ մարտական պայմաններում զոհերի թվի աճի վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց էր ուղղել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ բանակում արձանագրված մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի հետ կապված (այս թեմային կանդրադառնանք հաջորդ հոդվածում)։
Գլխավոր դատախազը չէր անդրադարձել մահվան դեպքերով հարուցված քրեական գործերին, փոխարենը նշել էր, որ նախորդ տարվա համեմատ, արձանագրված հանցագործության դեպքերը նվազել են։
«2023-ի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք, որից 15 զինծառայողի մահը 2023-ին, դա Ազատի հրդեհի դեպքն էր։ […] 2024-ի հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26-ն է»,- ասել էր Վարդապետյանը։
Իրարամերժ տվյալներ՝ տարբեր մարմիններից
ՊՆ խոսնակը նշում է, որ արձանագրված 33 մահվան դեպքերից 7-ը կապված չեն ծառայության հետ։ Այսինքն՝ եթե 33-ից հանենք ծառայության հետ կապ չունեցող 7 դեպքերը, կստացվի, որ ծառայության հետ կապված 26 մահվան դեպք, որը համընկնում է դատախազության տրամադրած տվյալի հետ։ Չի համընկնում ծառայության հետ չկապված մահերի թիվը. Թորոսյանը նշում է 7, իսկ դատախազությունը՝ 13:
Արամ Թորսյանի այլ պնդումը, թե 2024-ի 10 ամիսներին ավելի քիչ մահ է արձանագրվել, քան 2023-ի նույն ժամանակահատվածում, մենք չենք կարող ստուգել, քանի որ չենք տիրապետում 2023-ի նույն ժամանահահատվածում գրանցված մահերի թվին։ Իսկ եթե համեմատենք 2023-ի ամբողջ տարվա հետ, ապա այո, 2024-ին, բարեբախտաբար, բանակում մահերի թիվը նվազել է։
Ինչ վերաբերում է ԱԺ-ում դատախազի հայտարարությանը, թե 2023-ին զինծառայողների մահվան 22 դեպք է գրանցվել, ինչպես տեղեկանում ենք դատախազության տրամադրած տվյալներից (68 մահվան դեպք), սխալ է։
Ի դեպ, թեմայի վերաբերյալ հրապարակում էր արել նաև fip.am՝ նշելով, որ գլխավոր դատախազությունից կապվել են լրատվամիջոցի հետ և պարզաբանել, որ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում վրիպակ է թույլ տվել։
«[…] Գլխավոր դատախազը նկատի է ունեցել 2023 թվականին բանակում սպանությունների թիվը, որը 22 է: Իրականում, 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել և ոչ թե 22, ինչպես նշել էր Աննա Վարդապետյանը»,- նշված էր fip.am-ի հոդվածում։
Այստեղ, սակայն, կրկին անհամապատասխանություն կա. դատախազությունից #CivilNetCheck-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ 2023-ի արձանագրվել է ծառայության հետ կապված 48 մահվան դեպք և ոչ 54։
Թվերի այս խառնաշփոթն այսքանով չի ավարտվում. կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում, որը ներկայացվել է 2024-ի փետրվարին, նշված է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող:
Այպիսով, պետական մարմինները իրարամերժ, չհամապատասխանող տվյալներ են տրամադրում Զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ։ Ավելին՝ նույն պետական մարմնի տարբեր ներկայացուցիչներ տարբեր տվյալներ են ներկայացնում։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը կփորձի պարզել տվյալների այս անհամապատասխանության պատճառները։
Մանրամասները՝ Civilnet.am-ում։