Հետևեք մեզ։

Ագրարային ոլորտը մեր երկրի տնտեսության առանցքային ուղղություններից մեկն է, որտեղ անելիքներ շատ ունենք. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

20:23, 29 հոկտեմբեր 2024
Ագրարային ոլորտը մեր երկրի տնտեսության առանցքային ուղղություններից մեկն է, որտեղ անելիքներ շատ ունենք. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Ֆրանսիայի գյուղապետերի նախագահ Միշել Ֆուրնիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ծանոթանալու բուհի գործունեությանը և քննարկելու տարբեր մասնագիտացումների ուղղությամբ հնարավոր համագործակցության հեռանկարները:
 
 
Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արաքսիա Սվաջյանը: Նա ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հայաստանյան փորձի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար:
 
 
«Ագրարային ոլորտը մեր երկրի տնտեսության առանցքային ուղղություններից մեկն է, որտեղ անելիքներ շատ ունենք: Մեծածավալ բարեփոխումների շրջանակում այդ ոլորտի մասնագիտությունների գրավչությունը բարձրացնելու նպատակով տարբեր միջոցառումներ ենք իրականացնում թե՛ մասնագիտական, թե՛ բարձրագույն կրթության համակարգում՝ կարևորելով կրթության որակի բարձրացումը: Այս ուղղությամբ շատ ենք արժևորում տարբեր ծրագրերի միջոցով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, ինչն ուղիղ ազդեցություն կարող է ունենալ կրթության որակի վրա»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսական ոլորտի մասնագիտությունների գրավչությունը բարձրացնելու նպատակով քոլեջների և բուհերի ուսանողների համար սահմանվել է 10 անգամ ավելի բարձր կրթաթոշակ:
 
 
Արաքսիա Սվաջյանը բարձր է գնահատել միջին մասնագիտական կրթության ոլորտում ֆրանսիական կողմի հետ առկա համագործակցությունը՝ ի դեմս Տավուշի «Պատրիկ Տէվէճեան» տարածաշրջանային քոլեջի, և հույս հայտնել, որ համագործակցային շրջանակը կընդլայնվի ինչպես դուալ կրթության զարգացմամբ, այնպես էլ այլ ուղղություններով:
 
 
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Ֆրանսիայի կառավարությունը կարևորում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդումը՝ ներկայացնելով ոլորտում ֆրանսիական փորձը: