«Բալասանյան դաշինքի» հարկադրված ու միաժամանակ լուռ հրաժարականից հետո արդեն իսկ հայտնի են քաղաքային իշխանությանը հավակնող որոշ ուժերի անունները։ Բալասանյանականները մանդատները դեռ վայր չդրած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց Գյումրիում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին ու ընտրեց քաղաքապետի իր թեկնածուին։
Հրապարակել ենք, որ իշխող ուժի թեկնածուն Ազգային Ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն Սարուխանյանն է։
ՔՊ-ից զատ, Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև «ԴՕԿ» կուսակցությունը։ Այս մասին թե՛ օրերս «Տեքստիլագործների ակումբում» գյումրեցիների հետ ունեցած հեռավար հանդիպման ժամանակ, և թե՛ այսօր իր եթերով հայտարարել է կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։
Ըստ նրա, իր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին՝ Գյումրին «Քաղաքացիական պայմանագրից» ազատագրելու համար։ «Նիկոլի քայլերթը, շարժը, չակերտավոր փառքը, պատիվը սկսվեց Գյումրիից, Գյումրիից էլ վերջ կդրվի նրա իշխանությանը։ Ես ունեմ մի նպատակ՝ մաքրել Գյումրին ՔՊ-ից, թույլ չտալ, որ ՔՊ-ն վերցնի Գյումրին։ Գյումրին իմ համար դառնալու է Ստալինգրադ, սա Ստալինգարդի պատերազմ է Ֆաշիստական Գերմանիայի և Սովետի միջև, Գյումրիում ընտրությունները պետք է լինեն որոշիչ ամբողջ հանրապետության համար»,-հայտարարել է Վարդան Ղուկասյանը։
«Ես պատրաստ եմ համագործակցել ցանկացած անձի հետ, ով Գյումրիում ունի հեղինակություն, ով գտնում է Գյումրին պիտի թափ տալ ու ոտքի կանգնեցնել։ Գյումրիում ընդամենը մի նորմալ ռայկոմի քարտուղար է եղել՝ տիկին Դոնարան, ով տարեց կին է, ես ուզում եմ, որ Գյումրին ունենա այնպիսի մի քաղաքապետ, այնպիսի մի քաղաքագլուխ, ինչպիսին տիկին Դոնարան է։ Գյումրին պիտի փայլի, Գյումրին պիտի ծաղկի, սա է մեր Ստալինգրադը, որ մենք պիտի տանք այդ պատերազմը Գյումրիում։ Բերել նորմալ մարդկանց, նորմալ ավագանիների և քաղաքապետի և Գյումրիի օրինակի վրա ցույց տալ, որ տեսեք մենք կարող ենք։ Մենք կարող ենք մաքրել, արմատախիլ անել ՔՊ-ն Գյումրիից»,- ասել է Վարդան Ղուկասյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կործանումը սկսել է Գյումրիից, Հայաստանի վերականգնումն ու ծաղկումն էլ սկսվելու է Գյումրից։ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին այսօր իր քննադատական խոսքն է հնչեցրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ հայտարարելով, որ չի թույլ տալու զոռբայական բարքերի հաստատումը երկրի երկրորդ քաղաքում և անելու է առավելագույնը Գյումրիում գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար։
Այս ուժը Գյումրու ավագանու իշխող խմբակցության ավագանու անդամների, այդ թվում համայնքի ղեկավարի կողմից մանդատներից հրաժարումը համարել է Հայաստանում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք։ Նպատակը,, ըստ այս կուսակցության տարածած հաղորդագրության, «Գյումրիում իշխանության տիրացումն է, ինչին ականատես ենք եղել Հայաստանի մի շարք համայնքներում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։