ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել հանդիպում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունների աշխատակիցների, մարզի համայնքապետարանների, շահագրգիռ այլ կառույցների և ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ կողմից իրականացվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի ներկայացուցիչների միջև։
Հանդիպումը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի նպատակը, ընթացակարգը, բաղադրիչները, ակնկալվող արդյունքները։ Ծրագրի նպատակն է Սևանա լճի ավազանի լանդշաֆտներում կենսաբազմազանության պահպանումը՝ հասցեագրելով կենսաբազմազանության կորստի ուղղակի գործոնները և հողերի դեգրադացիայի նվազեցումը՝ կիրառելով կայուն գյուղատնտեսության և հողօգտագործման մեթոդներ։
Ծրագիրը նաև ուղղված է արոտավայրերի, անտառների, ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և կայուն գյուղատնտեսական գործելակերպերի ապահովմանը՝ հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների շրջակայքում և կենսաբազմազանության տարածքներում:
Հնգամյա ծրագիրը կիրականացվի 2024-2028 թվականների ընթացքում՝ ընդգրկելով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Մարտունի, Վարդենիս, Շողակաթ, Եղեգիս, Վայք և Ջերմուկ թիրախային համայնքները և բնակավայրերը: Ծրագիրը ներառում է 4 բաղադրիչ՝ Սևանա լճի ավազանի լանդշաֆտում հողերի դեգրադացիայի չեզոքության (ՀԴՉ) խթանում՝ արտադրողականության և էկոլոգիական լանդշաֆտի դիմադրողականության ապահովման համար, Սևանա լճի ավազանում էկոհամակարգային ծառայությունների չվատթարացման նպատակով կենսաբազմազանության և դրա համար պահանջվող կարևոր կենսամիջավայրերի պահպանություն, Սևանա լճի լանդշաֆտի համայնքներում կայուն և կենսաբազմազանությանը բարենպաստ տնտեսական զարգացման և համայնքների խթանման աջակցություն։
Քննարկումներում անդրադարձ է արվել սոցիալական, տնտեսական, բնապահպանական շահերի հավասարաչափ կարևորման, երաշտի դեմ պայքարի, բնական ռեսուրսների պլանավորման և կառավարման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման և այլ հարցերի։
ՄԱԶԾ-ի հսկողության ներքո ծրագիրը համատեղ իրականացնում են Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից։