Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն և այլ գերատեսչություններ այժմ հետաքննում են Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հինգշաբթի լրագրողներին ասաց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, տեղի ունեցածը ենթակա է շատ մանրակրկիտ քննության, դուք գիտեք, որ Քննչական կոմիտեն, անհրաժեշտ ծառայություններն անում են այd ամենը, չեմ կարող ասել՝ երբ սպասել արդյունքներին, դա կախված է նրանցից»,- ասաց նա։
Պեսկովն ասել է, որ ուկրաինական և ամերիկյան իշխանությունների հայտարարությունները, թե իրենք ներգրավված չեն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը, ծիծաղելի են թվում․ «Մոսկվան գիտի, որ Կիևը Վաշինգտոնի թելադրանքով հարվածների համար ընտրում է և՛ միջոցներ, և՛ թիրախներ։ Դա հերքելու Կիևի և Վաշինգտոնի փորձերը, իհարկե, բացարձակ ծիծաղելի են: Մենք շատ լավ գիտենք, որ նման գործողությունների, նման ահաբեկչությունների վերաբերյալ որոշումներ Կիևում չեն կայացվում, կայացվում են մասնավորապես Վաշինգտոնում: Իսկ Կիևը արդեն անում է այն, ինչ իրեն ասում են»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ճշտող հարցին ի պատասխան՝ Պեսկովը հաստատել է, որ տեղի ունեցածում տեսնում է Վաշինգտոնի ներգրավվածությունը։
«Միանշանակ, այս ամենը Կիևին թելադրված է Վաշինգտոնից »,- ասել է Պեսկովը։