Հետևեք մեզ։

Արդարացի է հանրության դժգոհությունը, որ ուշանում է արդարադատությունը. Սասուն Խաչատրյան

13:16, 30 հոկտեմբեր 2024
Արդարացի է հանրության դժգոհությունը, որ ուշանում է արդարադատությունը. Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրեց, թե դատարան ուղարկված քանի գործող դատավճիռ դեռևս չի կայացել և արդարացի համարեց հանրության դժգոհությունն այն առումով, որ արդարադատությունը հաճախ ուշանում է: 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սասուն Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  

 

«2024 թվականին մենք դատարան ենք ուղարկել մեղադրական եզրակացությամբ 114 քրեական վարույթ, որից մեղադրական դատավճիռ է կայացվել 21-ով, մնացածն այս պահին գտնվում են դատալսումների փուլում»,-ասաց Խաչատրյանը: 

 

Նրա խոսքով՝ 2023-ին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվող 169 գործից մեղադրական դատավճիռ է կայացվել 73 գործով, 2-ով կայացվել է արդարացման դատավճիռ, որոնք բողոքարկման փուլում են, մեկ գործով մեկ անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, որի դեմ արդարացման մասով կրկին բերվել է վերաքննիչ բողոք: 9 քրեական գործով անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով համաներման, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: 84-ը գտնվում է դատական քննության փուլում:

 

Նա նաև խնդիր համարեց, որ 2022-ին դատարան ուղարկված գործերի գրեթե կեսով դատավճիռ չկա:

 

«Արդարացի է հանրության դժգոհությունը, որ ուշանում է արդարադատությունը, բայց քննչական մարմնի առաքելությունն այդ գործը դատախազի սեղանին հասցնելն է, որ դատախազը մեղադրական եզրակացությունը ստորագրի, դրանից հետո քննչական մարմիններն անելիք չունեն»,-ասաց Սասուն Խաչատրյանը: