Հետևեք մեզ։

Կառավարությունը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները

14:31, 04 մայիս 2023
Կառավարությունը հաստատել է  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի  ընտրության արդյունքները

 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Սառա Նալբանդյանի ընտրության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

 

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տևական ժամանակ ուներ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, և ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվել է, ու բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում ընտրվել է Սառա Նալբանդյանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը ոլորտում ունի մեծ փորձառություն, այդ թվում՝ արտերկրի բուհերի հետ համագործակցության առումով, ինչպես նաև աշխատանքի փորձ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել բուհի հոգաբարձուների խորհրդին վստահության համար. «Լիովին գիտակցում եմ ստանձնելիք պարտականությունների լրջությունը և կաշխատեմ ամենայն պատասխանատվությամբ դրանք իրականացնել: Աշխատանքիս ընթացքում անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը և դասավանդման մեթոդները, թարմացնելու եմ մասնագիտական գրականության բազան և համալրելու գրադարանը:  Շատ կարևորում եմ նաև բուհի միջազգայնացման գործընթացը, քանի որ արվեստագետը չի կարող ստեղծագործել՝ կտրված լինելով համաշխարհային գործընթացներից»,- նշել է Սառա Նալբանդյանը՝ ընդգծելով, որ այդ առումով բուհը համագործակցելու է արտերկրի միջազգային բուհերի հետ. արդեն կան հաստատված կապեր միջազգային որոշ կառույցների հետ:

 

Սառա Նալբանդյանը կարևորել է նաև դասախոսական կազմի և ուսանողների փոխանակման ծրագրերը. «Բուհն այս պահին ունի մեկ ծրագիր՝ էրազմուս +, սակայն կան հնարավորություններ՝ դրանց շրջանակը ընդլայնելու: Նախատեսում ենք նաև միջազգային մասնագետների կողմից անցկացվելիք վերապատրաստումներ, որպեսզի պատրաստենք մասնագետներ՝ ուսանողների հետ ժամանակակից մեթոդների կիրառմամբ աշխատելու նպատակով»:

 

Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն այս պահին ունի շուրջ 600 ուսանող և երկու մասնաճյուղ՝ Գյումրիում ու Վանաձորում: