5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանին ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիման վրա, ոըը ենթադրում է 6 ամսից ավել ուսումնական գործուղման մեկնելը, ենթադրվում է՝ Զինվորական ակադեմիան։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին հարց ուղղելիս՝ ասել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այդ ընթացքում ՊՆ մամլո քարտուղարը պարզաբանել էր, որ ատեստացիայի միջամտելու հետ կապված Սասուն Բադասյանի նկատմամբ ծառայողական քննություն է անցկացվում, հիմա հասկանանք՝ ուղարկել եք սովորելո՞ւ, թե՞ ծառայողական քննության պատճառով հրամանատարությունից հանել եք»,-ասել է Մանուկյանը։
Ի պատասխան Մանուկյանի՝ Սարգսյանը նշել է․ «Ուղարկել են սովորելու, բայց իրականացվում է ծառայողական քննություն և դրանց արդյունքներով որոշում կկայացվի։ Եթե նրա արարքում կարգապահական բնույթի խախտումներ լինեն, հետևանքներ կառաջանան, եթե չլինեն, կշարունակի ուսումը։ Այս պահին 5-րդ կորպուսի հրամանատար նշանակված չէ, բնականաբար, կնշանակվի»։