Հետևեք մեզ։

Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահին խորհուրդ են տվել չգնալ դատախազություն

18:24, 30 հոկտեմբեր 2024
Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահին խորհուրդ են տվել չգնալ դատախազություն

Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն խորհուրդ են տվել չգնալ դատախազություն՝ բացատրություն տալու ընտրակեղծիքների հայտարարության վերաբերյալ։

Նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները կեղծել են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրությունը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն Զուրաբիշվիլուն խորհուրդ է տվել համագործակցել դատախազության հետ, որը հոկտեմբերի 31-ին նրան կանչել է՝ պարզաբանելու խորհրդարանի ընտրությունը կեղծելու մասին հայտարարությունը։

Երկրի նախագահի նկատմամբ հետաքննություն սկսելու վերաբերյալ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայց էր ներկայացրել Գլխավոր դատախազություն: ԿԸՀ-ն Զուրաբիշվիլուն մեղադրել է ընտրական էլեկտրոնային տեխնոլոգիաները վարկաբեկելու փորձի համար։ Դիմումում նշվում է, որ «նախագահը միջազգային մակարդակով փորձում է վարկաբեկել ընտրական վարչակազմին, որն ընտրությունը կազմակերպել էր ամենաբարձր մակարդակով»։