ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը:
Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների ղեկավար կազմերից:
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին վարում է մարզական խոշոր միջազգային միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականություն, և 2025 թվականին Հայաստանում այդպիսի 4 խոշոր միջոցառում է անցկացվելու:
«Հաշվի առնելով նմանօրինակ խոշոր մրցաշարերի անցկացման մեր նախորդ փորձը՝ պետք է միջգերատեսչական ջանքերն ու համագործակցված աշխատանքն իրականացնենք կազմակերպված՝ մրցաշարերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների անցկացման կազմակերպչական մի շարք հարցերը, այդ թվում՝ մրցաշարերի վայրերի ընտրության, անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերման, այդ նպատակով մրցույթների կազմակերպման ժամկետների վերաբերյալ: