Ես որոշում եմ կայացրել և հույս ունեմ՝ այդ որոշումը կպաշտպանեք, որ ամենամեծ եզդիաբնակ բնակավայրում՝ Ալագյազ խոշորացված համայնքում, մենք կկառուցենք Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Այս մասին մարզիկների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդեն հանձնարարական եմ տվել, որ նախագծային աշխատանքներն իրականացվեն: Այստեղ պետք է բոլորիդ, ընդհանուր առմամբ, հետևյալ խնդրանքով դիմեմ, որ այս գործընթացն օգտագործենք մարզերում մարզական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով: Իհարկե, լավ է, որ մեր արդեն 3 անվանական մարզադպրոցներն էլ մարզերում են գտնվում՝ Շիրակում, Արմավիրում և հիմա երրորդը՝ Արագածոտնում: Իմիջիայլոց, դա էլ ենք պայմանավորվել, որ եթե Արթուր Ալեքսանյանը, օրինակ, երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնա, իր անվամբ ևս մեկ մարզադպրոց կկառուցենք, օրինակ, Կապանում կամ Գորիսում»,- ասել է Փաշինյանը: