Հետևեք մեզ։

Հեռավոր բնակավայրերից երեխաները հաճախ գիշերում են Կապանի հատուկ կրթահամալիրում` տրանսպորտի բացակայության պատճառով. ՄԻՊ

09:28, 31 հոկտեմբեր 2024
Հեռավոր բնակավայրերից երեխաները հաճախ գիշերում են Կապանի հատուկ կրթահամալիրում` տրանսպորտի բացակայության պատճառով. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Կրթահամալիր):

 

Չհայտարարված այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հետևել են դասապրոցեսին, ունեցել են առանձնազրույցներ Դպրոցի աշխատակազմի հետ, ուսումնասիրել են Դպրոցի տարածքը, շենքային պայմանները, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

 

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։ 

 

 Մասնավորապես, արձանագրվել է՝ 

 

.Կրթահամալիրի ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին։

 

.Այցի պահին Կրթահամալիրում սովորող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ ապահովված չէին։ Տնօրինությունը նշել է, որ ներկայումս դրան ուղղված քայլեր իրականացվում են:

 

.Կրթահամալիրն ունի բազմամասնագիտական թիմով, այդ թվում՝ էրգոթերապիստներով, ժեստերի լեզվի թարգմանիչներով և այլ մասնագետներով համալրվելու անհրաժեշտություն։ Այս տեսանկյունից խնդրահարույց է ինչպես հաստիքների, այնպես էլ մարզում նեղ մասնագետների բացակայությունը։

 

.Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը գործնականում չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը:

 

.Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն, ինչը պայմանավորված է ռեսուրսների սակավությամբ:

 

.Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների մասնագիտական լիազորությունների և փաստացի գործունեության անհամապատասխանություն:

 

.Կրթահամալիրում ներդրված չէ բռնությունների, այդ թվում՝ բուլինգի դեպքերի բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված հստակ գործիքակազմ:

 

.Արձանագրվել է, որ հեռավոր բնակավայրերից երեխաները հաճախ գիշերում են Կրթահամլիրում տրանսպորտի բացակայության պատճառով։

 

.Առկա է Կրթահամալիրի աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման անհրաժեշտություն՝ ըստ մասնագիտական աշխատանքային բովանդակության և այլն:

 

.Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Կրթահամալիրի տնօրենի և աշխատակազմի հետ: Տնօրենը Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ Կրթահամալիրի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

 

.Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

 

.Մարդու իրավուքնների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ ընդգծում է, որ պետությունը «Երեխայի իրավունքների մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ի թիվս այլնի, ստանձնել է պարտավորություն ճանաչելու յուրաքանչյուր երեխայի կրթությունը առանց խտրականության և հավասար հնարավորության հիման վրա իրականացնելու իրավունքը՝ համընդհանուր ներառական կրթությունը հռչակելով որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ ուսումնական ծրագրերը մշակվեն և իրականացվեն այնպես, որպեսզի համապատասխանեն և հարմարեցվեն յուրաքանչյուր սովորողի պահանջներին և ապահովեն համապատասխան կրթական արձագանք:

Վերլուծական