Առաջիկայում, ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը միմյանց կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո 2024ի վերջին շրջանում և 2025թ., հուսամ, կշարունակվեն սահմանազատման աշխատանքները, որքան արագ և արդյունավետ, այդքան լավ։ Այս մասին ԱԺ-ում 2025թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին՝ Միրզոյանը նշեց․ «Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր վերջին առաջարկը եղել է հնարավորինս շուտ ստորագրման տեսքով արդյունք ունենալու վերաբերյալ։ Այս առաջարկը, դատելով հրապարակային արձագանքներից, մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Ունենք ըմբռնում, որ կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Զգուշավոր լավատեսությամբ հայտնում եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ այդ ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»։
Միրզոյանը նշեց, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվել և իրենց փոխանցած առաջարկները դրական են ընդունվել Ադրբեջանի կողմից։