Մենք մեր անկախության առաջին օրերից մի տերմին կա, որը անընդհատ շատ է օգտագործվել, դա պետական մտածողությունն է։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասում են՝ մենք պետք է ունենանք պետական մտածողություն, բայց ես մտածում էի՝ պետական մտածողությունն այն է, երբ քաղաքացին գիտի՝ պետությունը ոնց է աշխատում։ Մեծ հաշվով ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը դա հասկանալի չէ։ Ես համոզված եմ, որ քաղաքացիների 90 տոկոսը չգիտի դպրոցը ոնց է կառուցվում։ Եվ ոչ միայն դպրոցը։ Մեր քաղաքացիների զգալի մասը չգիտի՝ ինչ է պետական բյոջեն, ոնց է այն ձևավորվում, և դա նրա մեղքն ու պարտականությունը չէ դա իմանալ»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ հարկավոր է իրազեկել քաղաքացիներին։
Ըստ Փաշինյանի՝ պետական մտածողությունը պետք է հենվի պետությունը ճանաչելու ինֆորմացիայի վրա։
«Մենք ուզում ենք չէ՞ մարդիկ մեր պետությունը սիրեն։ Սիրելու համար պետք է ճանաչեն այդ պետությունը։ Իմ վրա մեծ ազդեցություն է թողել այն փաստը, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության օրը չգիտի։ Այդ հարցումը իմ սեղանին դրված է։ Մեծամասնությունը սխալ է պատասխանել։ Մարդիկ պետք է ճանաչեն իրենց պետությունը»,- ասաց Փաշինյանը։