ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունը պետք է լինի ՀՀ-ի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե համակարծի՞ք է Արարատ Միրզոյանի հետ այն մասով, որ Հայոց ցեղասպանության հարցը պետության առաջնահերթություններից չէ։
«Ցավոք սրտի, երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումները արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնություն և ամեն դեսպանի առաջ չափելի ու կարևոր խնդիրը մենք պետք է դնենք՝ ինչքան ներդրում կարող ենք մենք ավելացնել այդ երկրից դեպի ՀՀ, և ինչքան առևտրաշրջանառությունը պետք է ավելանա։ Բազմաթիվ դեսպաններ խնդրում, հանդիպում են ինձ հետ, նրանց հիմնական օրակարգային հարցը դա իրենց երկրի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է»,-ասաց նա։
Ըստ նրա՝ անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ տնտեսությունը զարգանում է․ «Ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Ուզում եք հարցերը լուծենք, պետք է տնտեսությունը զարգացնենք։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում սխալ քաղաքականություն է վարվել, այդ թվում նաև դպրոցական դասագրքերի մակարդակով»,-ասաց նա։
«Դա է պատճառը, որ ձեզ համար խորթ է այն ամենն, ինչ տեղի է ունենում։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ դուք, ՀՀ քաղաքացիները, նաև ես տասնամյակներ կերակրվել ենք ինչ-որ բաներով, որի արդյունքում որպես կանոն տեղի է ունենում պետության կորուստ։ Դասագրքով ամենակարևոր բանը ո՞րն է, որ պետք է երեխեքը սովորեն՝ պետության մասին պատկերացումները, կառավարության, բյուջեի մասին պատկերացումները»,-ասաց նա։