Հետևեք մեզ։

Թրամփը նստել է իր անունը կրող աղբատար մեքենան՝ փորձելով ուշադրություն հրավիրել Բայդենի մեկնաբանությունների վրա

14:22, 31 հոկտեմբեր 2024
Թրամփը նստել է իր անունը կրող աղբատար մեքենան՝ փորձելով ուշադրություն հրավիրել Բայդենի մեկնաբանությունների վրա

ԱՄՆ նախկին նախագահ, ընտրություններում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նստել է իր անունը կրող աղբատար մեքենան՝ փորձելով ուշադրություն հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ օրերս արած մեկնաբանությունների վրա, թե Թրամփի հետևորդներն «աղբ են»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

 

«Ձեզ դո՞ւր է գալիս իմ աղբատար մեքենան։ Սա Քամալայի (խմբ.՝ դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիս) և Ջո Բայդենի պատվին է», - նշել է Թրամփը։

 

Օրերս Թրամփի քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցող երգիծաբաններից մեկը Պուերտո Ռիկոն բնութագրել էր որպես «լողացող աղբի կղզի», ինչը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել։ Բայդենն արձագանքել էր սրան՝ ասելով. «Միակ լողացող աղբը, որ ես տեսնում եմ, նրա (Թրամփի) աջակիցներն են»։

 

Բայդենն ավելի ուշ փորձել էր պարզաբանել իր ասածը՝ նշելով, որ մտադիր էր ասել, որ Թրամփի կողմից լատինաամերիկացիների դեմոնացումն անբարեխիղճ է։

 

Թրամփի խոսնակը հայտարարել է, որ երգիծաբանի հնչեցրած մտքերը, որոնք առաջացրել են այս մեծ արձագանքը, չեն արտացոլում նախկին նախագահի տեսակետները։