Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության 28.12.2023թ․ թիվ 2340-Ա որոշմամբ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով: ՀՀ 17 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 28 ծրագրերի /որոնցից 4-ը քննարկվել և հաստատվել է 2022 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, 15-ը՝ 2023-ին, 9-ը՝ 2024-ին/ գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,903,727.4 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Թվարկեմ այն ծրագրերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորում ենք: Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգում: Ենթածրագիրն ավարտված է: Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան, Դալար և Դեղձուտ բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 90%-ը: Արտաշատ համայնքի Այգեպատ, Նորաշեն և Քաղցրաշեն բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 80%-ը: Արարատ համայնքի Զանգակատուն, Վարդաշատ և Երասխ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ: Կատարված է աշխատանքների 95%-ը: Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 95%-ը: Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս բնակավայրում Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ավարտված են աշխատանքները: Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում: Կատարված է աշխատանքների 60%-ը: Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի «Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի ջեռուցում: Ավարտված են աշխատանքները: Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Գեղհովիտ և Ձորագյուղ բնակավայրերի գազաֆիկացում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում ոռոգման ջրատարների կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի փողոցների ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Գեղհովիտ և Լեռնակերտ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում խմելու ջրագծի և կապտաժի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Լոռու մարզում Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրի թիվ 6 մանկապարտեզի շենքի վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ: Կատարված է աշխատանքների 75%-ը: Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի ոռոգման համակարգի վերանորոգում: Կատարված է աշխատանքների 95%-ը: Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան, Մրգաշեն և Նոր Արտամետ բնակավայրերի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Ավարտված են աշխատանքները: Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն բնակավայրի Չարենցի և Շահումյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն ավարտված են: Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում մարզադպրոցի կառուցում: Կատարված է աշխատանքների 75%-ը: Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրի Կենտրոն և Մաքրավան, Միկրոշրջան և Հարավային թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման և Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներ, որոնք ավարտված են: Ակունք համայնքի Հատիս բնակավայրի 1-ին, Զովաշեն բնակավայրի 2-րդ, Սևաբերդ բնակավայրի 2-րդ փողոցների ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի բակի նորոգում: Աշխատանքներն ավարտված են: Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում: Աշխատանքներն ավարտված են: Շիրակի մարզում Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում: Աշխատանքներն ավարտված են: Գյումրի համայնքի թվով 25 փողոցների հիմնանորոգում: Կատարված է աշխատանքների 95%-ը: Սյունիքի մարզում Կապան համայնքի Կապան բնակավայրի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/110 և 8/109 հասցեներում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում: Կատարված է աշխատանքների 90%-ը: Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի 2-րդ և 3-րդ փողոցների տուֆապատում: Կատարված է աշխատանքների 85%-ը: Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում ներհամայնքային 3-րդ, 4-րդ և 5-րդ փողոցների տուֆապատում: Կատարված է աշխատանքների 70%-ը: Ահա, հարգելի գործընկերներ, սրանք էին նախագծերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորում ենք»: