Հետևեք մեզ։

Կառավարության որոշմամբ՝ փոփոխություն կկատարվի դպրոցների և կրթահամալիրների կառուցման կատարողների միջև

15:14, 31 հոկտեմբեր 2024
Կառավարության որոշմամբ՝ փոփոխություն կկատարվի դպրոցների և կրթահամալիրների կառուցման կատարողների միջև

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2024թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում կատարել վերաբաշխում կատարողների միջև՝ 2,685,000.0 հազար դրամի չափով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով: Վերաբաշխումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի 1236 ծրագրի 32003 և 32005 միջոցառումների շրջանակներում։

Կառավարության մի շարք որոշումներով կատարվել են մի շարք փոփոխություններ 300 դպրոցի ցանկում, մասնավորապես՝ որոշ դպրոցների համար սահմանվել է կրթահամալիր կարգավիճակը և հակառակը, ինչպես նաև մի շարք դպրոցների համար պատվիրատու սահմանված ՀՀ քաղաքաշինության կոմիտեն փոխարինվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամով։ Նշված որոշումների ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը մեկնարկել է պայմանով մրցույթները։ Մրցույթների արդյունքում կնքվել են (կամ գտնվում են ընթացքում) պայմանագրեր, որոնց հիման վրա որոշմամբ կատարվում են հատկացումներ։

Որոշման ընդունմամբ փոփոխություն կկատարվի դպրոցների և կրթահամալիրների կառուցման կատարողների միջև: Ըստ այդմ՝ որոշմամբ նախատեսվում է ներքոնշյալ դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար պատվիրատու սահմանել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ գ. Գետափի կրթահամալիր, գ. Աղավնավանքի միջնակարգ դպրոց, ք. Նոյեմբերյանի վարժարան (ք. Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցի տեղակայման վայրում), Լեռնանիստ բնակավայրի միջնակարգ դպրոց, ք. Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց, գ. Գեղակերտի միջնակարգ դպրոց, գ. Արևաբույրի կրթահամալիր, գ. Վերին Խոտանանի կրթահամալիր, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ, գ. Վարդանաշենի կրթահամալիր:

Անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդակցությանը՝ վարչապետը հիշատակել է, որ ըստ էության, 90-ականների սկզբից մինչև 2017թ. Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է 192 դպրոց, որոնց մեծ մասն աղետի գոտում: Այսինքն՝ Շիրակի և Լոռու մարզերի այն դպրոցների մասին է խոսքը, որոնք 1988 թվականի երկրաշարժից փլուզվել են կամ անհրաժեշտ է եղել զրոյից նոր դպրոցներ կառուցել: Ինչ վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 223 դպրոցում իրականացվող աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ընդհանուր առմամբ՝ առնվազն վատ չէ մեր ծրագրի ընթացքը, նույնը կարելի է ասել մանկապարտեզների մասին: Մանկապարտեզների ծրագրի ընթացքն ավելի լավն է: Մենք պետք է հետևողական շարունակենք, և այս ծրագիրը շատ կարևոր է, բայց ինչպես արդեն Կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ քննարկում եղավ, երկխոսություն եղավ. իսկ ի՞նչ է լինելու 300 դպրոցի ծրագրի՝ այս ծրագրի ավարտից հետո: Տեղի է ունենալու հետևյալը՝ հաջորդ 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման ծրագիրն է սկսելու: Մենք արդեն պայմանավորվեցինք, որ այսօրվանից առանց մեր ընթացիկ շինարարական աշխատանքները կանգնեցնելու, դանդաղեցնելու, վնասելու, մենք գույքագրում ենք այն դպրոցների ցանկը, որ առաջին 300-ն ավարտելուց հետո, պետք է սկսենք երկրորդ 300-ը: Իսկ դա նշանակում է, այսինքն՝ ակնհայտ է արձանագրումից, որ այդ երկրորդ 300-ի անհրաժեշտությունն ակնհայտ է: Երրորդ 300-ի անհրաժեշտությունը կգնահատվի արդեն երկրորդ 300-ի իրականացումից հետո»:

Թեմայի առնչությամբ չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվել է նաև որոշում, որը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ նախատեսված 300 դպրոցների կառուցումը ՀՀ Կառավարության նշված որոշմամբ նախատեսված ժամկետում հնարավորինս իրագործելի դարձնելու, ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 3-րդ և 4-րդ պարբերությունների պահանջների (մինչև 2026 թվականը առնվազն 500 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում կամ վերակառուցում) կատարումն ապահովելու, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր և շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Որոշմամբ կհստակեցվի վերը նշված փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մոդուլային տիպի նոր դպրոցների և մանկապարտեզների շինարարական աշխատանքների (կառուցման), գոյություն ունեցող դպրոցների, դպրոցների մարզադահլիճների և մանկապարտեզների վերակառուցման, հիմնանորոգման մեկնարկը կտրվի ավելի սեղմ ժամկետում։

Չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված հաջորդ որոշումը վերաբերում է ՀՀ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N1869-Ն որոշմամբ սահմանված դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններին։ Կարևորելով դպրոցաշինության ծրագրի գնման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպումը՝ որոշմամբ ակնկալվում է ապահովել ծրագրով նախատեսված դպրոցների շինարարական աշխատանքների իրականացումը սահմանված որակին և ժամկետներին համապատասխան։